Բոլոր հրաշալի սխալները

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն
Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս
բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք
միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն
բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։
— Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
— Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։
— Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ — Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ — Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։
— Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
— Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, — դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
— Չեմ նեղանում, — ասաց Լայոնելը, — ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ
արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
— Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
Լայոնելը դարձավ ընկերոջը։
— Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։
Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը,
Լայոնելն ասաց.
— Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։
Երկու ընկերները տնից դուրս եկան։
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի
լավագույն ընկերները: Որովետև նրանք երեվի մանկությունից ծանոթ էին։
2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու
նեղացնող տղաները զղջան:
4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց
համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։
5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես: